CNN (արտասանվում է՝ Սի-էն-էն), ամերիկյան կաբելային լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է Թեդ Թըրների կողմից 1980 թ. հունիսի 1-ին[1][2]։ Հանդիսանում է «Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանումը, որը պատկանում է «Time Warner» հզոր կոնգլոմերատին[3]։ CNN-ը առաջինը աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը[4], և ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է[5]։ Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաև Նյու Յորքի և Վաշինգտոնի ստուդիաներից։ 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կար 14 տարբեր լրատվական կաբելային և արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 վեբ-կայք և 37 արտասահմանյան գրասենյակ։ CNN լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից և հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում և տարածքներում։ CNN հեռուստաալիքը առաջատարն է ԱՄՆ լրատվական ալիքների միջից՝ 2010 թ. օգոստոսի դրությամբ ալիքը հասանելի ե եղել երկրի 100 միլիոն տնային տնտեսություններում[6]։ Դիտողների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, զիջելով BBC բրիտանական հեռուստաընկերությանը, որի BBC World միջազգային լրատվական հեռուստաալիքը ունի գրեթե 1,5 անգամ ավելի շատ դիտորդներ (278 միլիոն տնային տնտեսություն)։
Հեռուստաընկերության միջազգային՝ CNN International ալիքը հեռարձակվում է Երևանում և մերձակա մարզերում՝ 56-րդ դեցիմետրային ալիքով։