[go: up one dir, main page]

Jump to content

Օսկար II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար II
Oscar II
1872 թվականի սեպտեմբերի 18 - 1907 թվականի դեկտեմբերի 8
Նախորդող Կարլ XV
Հաջորդող Գուստավ V
Դրոշ
Դրոշ
Նորվեգիայի թագավոր
1872 թվականի սեպտեմբերի 18 - 1905 թվականի հունիսի 7
Նախորդող Կարլ IV
Հաջորդող Հակոն VII
 
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն շվեդ
Դավանանք Շվեդիայի եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 21, 1829(1829-01-21) (195 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ
Վախճանի օր դեկտեմբերի 8, 1907(1907-12-08)
Վախճանի վայր Ստոկհոլմ
Թաղված Ռիդարհոլմենի եկեղեցի[1][2]
Դինաստիա Բերնադոտներ
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Օսկար I
Մայր Ժոզեֆինա Լեյխտենբերգսկայա
Ամուսին Սոֆիա Նասսաուսկայա
Զավակներ Գուստավ V, Օսկար Բերնարդոտ, Կարլ Շվեդացի և Եվգենի Շվեդացի
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան

Օսկար II (շվեդ.՝ Oscar II, հունվարի 21, 1829(1829-01-21)[3][4][6][…], Ստոկհոլմ, Շվեդիա[7] - դեկտեմբերի 8, 1907(1907-12-08)[3][4][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[5][8][7]), 1872 թվականից Շվեդիայի թագավորը՝ Բերնադոտների արքայատոհմից։

Օսկար I-ի և Ջոզեֆինա Լեյխտենբերգսկու որդին։

Գահին բազմել է եղբոր՝ Կարլ XV-ից հետո, որը որդիներ չուներ։ Կյանքի վերջին տարիներին առողջության վատթարացման պատճառով փաստացի իշխանությունը թագաժառանգ Գուստավ V-ի՝ ապագա թագավորի ձեռքում էր։ Ուներ գերմանական գրոսադմիրալի կոչում (1905 թվականի հուլիսի 13)[9]։

Նորվեգիայի վերջին շվեդ թագավորն է (1872-1905 թվականներին). 1905 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը փլուզվեց, և նորվեգացիները գահին բազմեցրին Հակոն VII անունն ստացած արքայազն Կարլ Դատսկուն։ Հակոն 7-րդը Օսկարի ծոռնակից զարմիկն էր (Կարլ 15-րդի աղջկա որդին)։

Ներքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար 2-րդի գահակալման ժամանակ Շվեդիայի ներքաղաքական կյանքը վերածվեց խորհրդարանի երկու պալատների միջև ինքնատիպ «խրամատային պատերազմի»։ Առաջին պալատի՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման և պետական ապարատի ընդլայնման պահանջը ոչ մի կերպ չէր համաձայնեցվում Երկրորդ պալատի խիստ խնայողության պահանջի հետ։ Երկրորդ պալատը դեմ էր հանդես գալիս ցանկացած դրամական հատկացումներին, և հատկապես համառորեն պահանջում էր հողային հարկերի չեղարկում։ Բարենորոգման բոլոր օրինագծերը երկու պալատների միջև տարաձայնությունների պատճառ էին դառնում։

Փոխզիջման հնարավոր եղավ հասնել միայն 1892 թվականին՝ հողային հարկերի և պաշտպանության հարցերի լուծմամբ։ Փոխնախագահ Ե.Գ. Բուստրեմի առաջարկով կառավարությունն աստիճանաբար սկսեց չեղարկել հողային հարկերը և ներդնել երկրի պաշտպանության նոր համակարգ։ Ավելի ուշ ծրագիրն ամրապնդվեց պաշտպանության մասին 1901 թվականի օրենքով, որը վերջնականապես վերջ դրեց խաղաղ ժամանակ ժողովրդի հաշվին բանակ պահելուն (դա ընդունվել էր դեռևս Կարլ 11-րդի ժամանակ), և կազմեցին զորակոչային բանակ՝ 240 օր ծառայողական ժամկետով։

Սակայն 1880-ական թվականներին շվեդական քաղաքականության մեջ նոր խնդիրներ ծագեցին։ Հացահատիկի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված՝ գյուղատնտեսության մեջ ճգնաժամ սկսվեց։ Գյուղացիների՝ ներմուծվող հացահատկի վրա տուրք սահմանելու պահանջը աջակցություն գտավ աճող արդյունաբերության ներկայացուցիչների կողմից, թեև սկզբնական շրջանում դժվարությամբ էին կարողանում մրցակցել այլ եվրոպական երկրների զարգացած արդյունաբերությունների հետ։ 1888 թվականին «պաշտպանողական» տուրքեր սահմանվեցին հացահատկի և արդյունաբերական առանձին ապրանքների վրա, որոնց թիվը մեծացավ հետագա տարիների ընթացքում։

Այդ ամենի հետ մեկտեղ տուրքերի խնդիրը պառակտում առաջացրեց գյուղատնտեսների կուսակցության մեջ, որոնք վերջին ժամանակներում մեծամասնություն էին կազմում Երկրորդ պալատում։ Աճեցին նաև համընդհանուր ընտրական իրավունքի վերաբերյալ պահանջները, որոնք իրենց արտացոլումը գտան 1890-ական թվականների «ազգային ռիկսդագներ» անվամբ հայտնի արտախորհրդարանական բողոքացույցի մեջ։

Ծավալվեց և ամրապնդվեց աշխատանքային շարժումը, որը 1889 թվականին կազմակերպվեց քաղաքականապես՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծման միջոցով։ Այս իրադարձությունը խթան հանդիսացավ քաղաքական կազմակերպությունների ստեղծման համար ինչպես ռիկսդագում, այնպես էլ դրանից դուրս։ 1900 թվականին լիբերալ կոալիցիոն կուսակցությունը ձևավորվեց որպես խորհրդարանական ֆրակցիա, իսկ 1902 թվականին ստեղծվեց նրա գլխավոր կազմակերպությունը՝ «Ազատախոհների միջազգային միությունը»։ Մյուս կողմից՝ 1904 թվականին կազմակերպվեց «Ընտրողների ընդհանուր միությունը»՝ ի աջակցություն խորհրդարանական պահպանողական կուսակցությունների։ Այս ամենը հիմնաքար հանդիսացավ այնպիսի քաղաքական կուսակցությունների համար, որոնք մինչև հիմա էլ Շվեդիայի քաղաքական կյանքում մեծ դեր են խաղում[10]։

Հարաբերություններ Նորվեգիայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի քաղաքական պատմությունը Օսկար 2-րդի գահակալման ժամանակաշրջանում նշանավորվում է միության ներսում ծագած կոնֆլիկտներով, որոնք 1905 թվականին հանգեցրին միության փլուզմանը։ Այս ժամանակաշրջանի առաջին շրջափուլում Օսկար 2-րդը ջանաց առանց բռնության ամրապնդել իր իշխանությունը Նորվեգիայում, սակայն ապարդյուն։ Երկրորդ շրջափուլը նշանավորվում է նորվեգացիների՝ սեփական արտաքին գործերի նախարարություն և անկախ հյուպատոսային համակարգ ստեղծելու համար մղված պայքարով։

1872 թվականին Օսկար 2-րդի՝ թագավոր ընտրվելուց հետո, լիարժեք խորհրդարանական կառավարման մասին նորվեգացիների պահանջները իրենց արտացոլումը գտան օրենքում, որը նախարարներին իրավունք էր տալիս մասնակցելու սթորթինգի նիստերին՝ փաստացի նրանց պատասխանատու դարձնելով ոչ թե թագավորի, այլ սթորթինգի առջև։

Օսկար 2-րդը չհաստատեց այդ օրենքը։ Չնայած սթորթինգում այս օրենքն ընդունեցին երեք անգամ՝ 1874, 1877 և 1880 թվականներին, թագավորը հրաժարվեց հաստատել այն՝ հայտարարելով, որ խոսքը սահմանադրության փոոփոխման մասին է, իսկ այդ դեպքում, ինչպես ինքն էր կարծում, և ինչպես ընդունված էր Շվեդիայում, թագավորի իշխանությունն անսահմանափակ էր, այլ ոչ թե ժամանակային վետոյով։

Արքայի վճռին համաձայն լինելու պատճառով Նորվեգիայի վարչապետին ենթարկեցին պատասխանատվության Պետական դատարանի առջև։ Քանի որ դատարանն անցավ սթորթինգի կողմը, և 1884 թվականին Նորվեգիայում հայտարարեց իշխանությունից անջատված պահպանողական կառավարում, Օսկար 2-րդն ստիպված եղավ համաձայնվել սթորթինգի սոցիալ-լիբերալ մեծամասնությամբ ձևավորված կառավարության հետ։ Այս կերպ նորվեգական պառլամենտարիզմը վճռական հաղթանակ տարավ։

Այնուամենայնիվ, նոր խնդիրները երկար սպասել չտվեցին։ Չնայած 1884 թվականից Նորվեգիան ստացավ լիակատար ներքին ինքնավարություն՝ արտերկրում այն ներկայացնում էր շվեդ-նորվեգական թագավորը կամ նրա՝ շվեդական արտաքին գործերի նախարարության պաշտոնական ծառայողը։ Սա վերջին խոչընդոտն էր Նորվեգիայի և Շվեդիայի հավասարության ճանապարհին, և այդ պահից սկսած՝ միության օրակարգում արտերկրում Նորվեգիայի ներկայացուցչի հարցն էր դրված։

Օսկար 2-րդը 1885 թվականի Շվեդիայի նամականիշի վրա

1885 թվականի բարեփոխումն ընդարձակեց շվեդական ռիկսդագի իրավասություններն արտաքին քաղաքականության կառավարման բնագավառում։ Իր էությամբ ժողովրդավարական այս բարեփոխումն ունեցավ ճակատագրական հետևանքներ։ Նորվեգիայի արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում էր ընդհանուր թագավորը՝ շվեդական արտաքին գործերի նախարարության միջոցով, ավելի շատ կախվածություն ուներ շվեդ աստիճանավորներից։ Այդ պատճառով նորվեգացիները սկսեցին ավելի համառորեն պահանջել սեփական արտաքին քաղաքականության ինստիտուտների ստեղծում, որոնք կգլխավորեր արտաքին գործերի նորվեգացի նախարարը։ Իր քաղաքական պլատֆորմում գլխավորը դարձնելով հենց այս պահանջը՝ նորվեգական սոցիալ-լիբերալ կուսակցությունը 1891 թվականի ընտրություններում վճռական հաղթանակ տարավ։ Սակայն սոցիալ-լիբերալ կառավարությունը, որի հետ ստիպված էր համաձայնվել Օսկար 2-րդը, չբարձրացրեց այս հարցը՝ նախընտրելով առաջ քաշել նորվեգական հյուպատոսական ծառայության ձևավորման համեստ պահանջը։ Բայց Օսկար 2-րդը մերժեց նույնիսկ այս պահանջը՝ տեղի տալով շվեդերի ուժեղ դիմադրությանը։ Երբ սթորթինգը փորձեց միակողմանիորեն այս բարեփոխումը կյանքի կոչել, Օսկար 2-րդը Շվեդիայի կողմից ուժեղ ճնշման տակ նորից վճռականապես հրաժարվեց այն հաստատել։ Վերջիվերջո, նորվեգական կառավարությունը և սթորթինգը ռազմական միջամտության սպառնալիքի արդյունքում ստիպված եղան 1895 թվականին համաձայնել Շվեդիայի հետ բանակցություններին՝ միության ընդհանուր վերանայման մասին։

Այդ ժամանակ, չնայած Շվեդիայի կողմից արվող զիջումներին, միության ներսում հակասություններն այնքան սրվեցին, որ հետագայում ցանկացած փոխզիջում անհնար դարձավ։ 1898 թվականին բանակցություններն ընդհատվեցին, իսկ նորվեգացիներն իրենց անկախությունը ցույց տվեցին այն բանով, որ խախտեցին թագավորական վետոն՝ իրենց առևտրական դրոշից հանելով միության նշանը։ Նորից փորձ արվեց թուլացնել լարվածությունը աննշան խնդրի լուծման՝ նորվեգական հյուպատոսական ծառայության ձևավորման միջոցով։ Սակայն այս բանակցությունները նույնպես արդյունք չտվեցին։ Այդժամ նորվեգացիները սկսեցին գործել սեփական հայեցողությամբ։ 1905 թվականի մայիսին սթորթինգը քննարկեց և ընդունեց նորվեգական հյուպատոսական ծառայության ստեղծման օրինագիծը։ Երբ Օսկար 2-րդը կրկին վետո դրեց, Քրիստիան Միքելսենի գլխավորած նորվեգական կոալիցիոն կառավարությունը, որը ստեղծվել էր այս օրենքը կյանքի կոչելու համար, հրաժարական տվեց։ Քանի որ թագավորը այդպիսի իրավիճակում նորվեգական նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն չուներ, 1905 թվականի հունիսի 7-ին սթորթինգը պաշտոնապես հայտարարեց, որ «Մի թագավորի կառավարմամբ միությունը Շվեդիայի հետ փլուզված է, և Շվեդիայի թագավորն այլևս չի կատարում Նորվեգիայի թագավորի գործառույթները»։

Սա դե ֆակտո նշանակում էր միության վերջը։ Սակայն շվեդական ռիկսդագը հրաժարվեց ընդունել սթորթինգի այդ միակողմանի և իր կարծիքով ապօրինի վճիռը։ Նա պահանջեց բանակցություններ վարել միության օրինական լուծարման ուղղությամբ, միաժամանակ առաջադրեց մի շարք նախապայմաններ. նորվեգացիները պետք է լքեին կամ ոչնչացնեին Շվեդիայի սահմանի երկայնքով կառուցված իրենց ամրությունները։ 1905 թվականի սեպտեմբերին Կարլստադում (Շվեդիա) կայացած կոնֆերանսի ժամանակ սուր քննարկումներից և երկու երկրների ուժերի հավաքագրումից հետո նրանք միության լուծարման հարցում հասան ընդհանուր համաձայնության։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար 2-րդը մի փոքր այլ հայացքներ ուներ, քան Կարլ 15-րդը։ Նա հետաքրքրվում էր նոր Գերմանիայով՝ հզոր քաղաքական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկի ղեկավարմամբ, այդ իսկ պատճառով գահին այլ թագավորի բազմումը նշանակում էր շվեդական արտաքին քաղաքականության արմատական փոփոխություն։

Գերմանիայի հետ կապերն աշխուժացան։ Շվեդական արդյունաբերությունը գնում էր գերմանական ապրանքներ, շվեդական համալսարաններում գերմանական գրքեր էին կարդում, իսկ շվեդ սպաներն ու ծառայողները ձգտում էին նմանվել Գերմանիայի Վիլհելմի իրենց կոլեգաներին։ Դեռևս ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ մամուլում գերմանամետ քաղաքականությունը պաշտպանող ակներև ձայներ էին լսվում, իսկ 1870-ական և 1880-ական թվականների ընթացքում այդպիսի քաղաքականություն որդեգրեցին շվեդական ստվարաթիվ թերթեր։

Նման պայմաններում Օսկար 2-րդն անձամբ հանդես եկավ արտաքին քաղաքականության փոփոխման նախաձեռնությամբ։ 1885 թվականին շվեդական արտաքին քաղաքականության նպատակը դարձավ «գերմանասկանդինավաիտալական միությունը՝ նրան Անգլիայի միացմամբ, որը ստեղծված էր արևմուտքում և արևելքում խաղաղություն ապահովելու համար»։

20-րդ դարի նախաշեմին և առաջին տարիներին Ֆինլանդիայի ռուսականացման վտանգը (այնտեղ կառավարում էր ռուս գեներալ-նահանգապետ Բոբրիկովը) ավելի նպաստեց Շվեդիայի գերմանամետ քաղաքականության ամրապնդմանը։ Իրական թվացող ռուսական վտանգը, ինչպես նաև Նորվեգիայի հետ կոնֆլիկտի սրացումը բնական դարձրին դեպի Գերմանիան Շվեդիայի կողմնորոշումը։ Սակայն միաժամանակ աշխատանքային շարժման մեջ արագընթաց զարգացում ապրող ուժեղ տարրերը և լիբերալ կուսակցությունները պահանջում էին սահմանազատվել ագրեսիվ գերմանական իմպերիալիզմից։ Աստիճանաբար Շվեդիան չեզոք դիրք գրավեց քաղաքական այդ եռուզեռում, ինչը բնութագրական դարձավ նրա համար 20-րդ դարի ընթացքում։

Անձնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկարը 2-րդը իր ավագ եղբոր պես հետաքրքրվում էր գրականությամբ, թարգմանում և գրում էր պատմական աշխատություններ, երաժշտություն էր հորինում (նրա որոշ ստեղծագործություններ մեծ ճանաչում են ձեռք բերել)։ Գիտությունների հովանավոր էր, հայտարարում էր գիտական մրցույթներ. նրա օրոք Շվեդիան և Նորվեգիան սկսեցին Նոբելյան մրցանակ շնորհել (մրցանակը տրվում էր դեռևս շվեդանորվեգական միության փլուզումից առաջ, այդ իսկ պատճառով մինչև հիմա էլ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Նորվեգիայում)։

1846 թվականի հուլիսի 9-ին պարգևատրվել է Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով[11]։

1857 թվականին Օսկարն ամուսնացել է Սոֆիա Նասաուացու հետ (1836-1913), որից ունեցել է 4 որդի[12].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olsson M. Riddarholmskyrkan - inventories and graves — 1937. — P. 460.
  2. Bernadotteska gravkoret
  3. 3,0 3,1 3,2 Oscar II (շվեդերեն) — 1917.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 Hovförsamlingens kyrkoarkiv, Församlingsböcker, SE/SSA/0007/A II a/7 (1901-1910), bildid: 00033254_00005 — P. 1.
  6. Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 Archivio Storico Ricordi — 1808.
  8. 8,0 8,1 Hovförsamlingens kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0007/F I/5 (1895-1938), bildid: 00033282_00051 — P. 47.
  9. Stockholm City Archives, archive of the Court parish, birth and baptism records, volume C I:5
  10. Borgenstam, Curt (2017). «Swedish Coastal Defence Ship Oscar II» (PDF). International Navy Journal. 5 (1): 65. ISSN 2411-3204. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  11. Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. — М.: Унив. тип., 1860. — 112 с. — (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)
  12. Sir Gustaf von Platen in Bakom den gyllene fasaden Bonniers 91-0-058048-1 p 146

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elgklou, Lars: Bernadotte-suvun tarina. Suom. Suom. Salmenoja, Margit. Salmenoja, Margit. Hämeenlinna: Arvi A. Hämeenlinna: Arvi A. Karisto Oy, 1981. ISBN 951-23-1749-4 . Karisto Oy, 1981. ISBN 951-23-1749-4 :
Նախորդող՝
Կարլ XV
Շվեդիայի թագավոր

1872—1907
Հաջորդող՝
Գուստավ V
Նախորդող՝
Կարլ IV
Նորվեգիայի թագավոր

1872—1905
Հաջորդող՝
Հակոն VII