[go: up one dir, main page]

Jump to content

Տաիրա կլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաիրա (平), չորս ամենակարևոր կլաններից մեկն էր, որը գերիշխում էր ճապոնական քաղաքականության մեջ Ճապոնիայի պատմության Հեյան ժամանակաշրջանում․ մյուսներն էին Մինամոտոն, Ֆուջիվարան և Տաչիբանան[1]։ Կլանը բաժանված էր չորս խոշոր խմբերի, որոնք կրում են այն կայսրերի անունները, որոնցից սերում են՝ Կանմու Հեյշի, Նինմիո Հեյշի, Մոնտոկու Հեյշի և Կոկո Հեյշի[2]: Սրանցից ամենաազդեցիկը եղել է Կանմու Հեյշիի գիծը։

Հեյան ժամանակաշրջանի ավարտին Տաիրան վերահսկում էր երիտասարդ կայսր Անտոկուին և փաստացիորեն իշխում էր կայսերական մայրաքաղաք Հեյանում։ Այնուամենայնիվ, նրանց դեմ պայքարում էին իրենց մրցակիցները՝ Մինամոտո կլանը։ Պայքարը իր գագաթնակետին հասավ Գենպեյի պատերազմում (1180-1185): Հինգ տարի տևած պատերազմն ավարտվեց Մինամոտո կլանի վճռական հաղթանակով Դան-նո-Ուրայի ծովային ճակատամարտում, որի ընթացքում Անտոկուն սպանվեց: Պատերազմից հետո հաղթանակած Մինամոտոն Կամակուրայում հիմնեց Ճապոնիայի առաջին շոգունատը: «Գենպեի» անվանումը գալիս է «Մինամոտո» (源 գեն) և «Տաիրա» (平 հեի) կանջիների այլընտրանքային ընթերցումներից:

Կլանը սովորաբար անվանում են Հեյշի կամ Հեյկե[3]։

Տաիրա կլանի տարածքը Ճապոնիայում (1183 թ)
Տաիրա կլանի մարտիկները, հեղինակ՝ Յոշիտորա Ուտագավա

Մինամոտոյի հետ մեկտեղ, Տաիրան պատվավոր ազգանուններից մեկն էր, որոնց Հեյան ժամանակաշրջանի կայսրերը տալիս էին իրենց այն երեխաներին և թոռներին, ովքեր գահը չէին ժառանգելու։

Կլանը հիմնադրվել է այն ժամանակ, երբ Կայսերական արքունիքը չափազանց մեծացել էր։ Կայսրը հրաման է արձակել, որ մի քանի սերունդ առաջ կառավարած կայսրերի ժառանգերն այլևս չեն համարվի արքայազններ և դրա փոխարեն նրանց կտրվեն ազնվական ազգանուններ և կոչումներ։ Որոշումը սկսել է կիրառվել Կանմու կայսեր օրոք և այդպիսով Մինամոտո կլանի հետ միասին ստեղծվել է նաև Տաիրա կլանը[4]։

Կայսր Կանմուի որոշ թոռներ առաջիններն էին, որ կրեցին Տաիրա անունը: Ազգանունը ստացել են նաև կայսր Նիմյոյի, կայսր Մոնտոկուի և կայսր Կոկոյի ժառանգները։ Այս կայսրերի ճյուղերը հիշատակվում են կայսրի անունով, որին հաջորդում է Հեյշին, օրինակ՝ Կանմու Հեյշին[5]։

Կանմու Հեյշի ճյուղն ունեցել է երկու հիմնական ճյուղեր: Դրանցից մեկը հիմնադրվել է 889-ին Տաիրա նո Տակամոչիի կողմից և համարվել է Հեյանի ժամանակաշրջանում ամենաուժեղ և գերիշխող ճյուղը[6]։

Կանմու Հեյշիի մյուս հիմնական ճյուղը հիմնադրել է Տակամունե-Օ-ն, որը արքայազն Կազուրահարայի ավագ որդին էր և կայսր Կանմուի թոռը, որը ստացել է Տաիրա նո Ասոն տիտղոսը 825 թվականին[7]։

Օդա Նոբունագայի (1534–1582) ժամանակաշրջանում Օդա կլանի անդամները նույնպես պնդում էին, որ իրենք սերում են Տաիրայից։ Նրանք Տաիրա նո Չիկազանեի ժառանգներն էին, որը Տաիրա նո Շիգեմորիի (1138–1179) թոռն էր[8]։

Գենպեի պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյջի ապստամբության ժամանակ (1160 թվականին) Սեյվա Գենջիի առաջնորդ Մինամոտո նո Յոշիտոմոն զոհվել է ճակատամարտում։ Տաիրա նո Կիոմորին իշխանություն ստացավ Կիոտոյում՝ դաշինք կնքելով պաշտոնաթող կայսրեր Շիրակավայի և Տոբայի հետ։ Կիոմորին աքսոր է ուղարկել Մինամոտո նո Յորիտոմոյին՝ Յոշիտոմոյի երրորդ որդուն։ 1180 թվականին Յորիտոմոն կազմակերպել է լայնածավալ ապստամբություն ընդդեմ Տաիրայի իշխանության (Գենպեյի պատերազմ), որն ավարտվել է Մինամոտո կլանի կողմից Տաիրա կլանի լիովին ոչնչացմամբ[9]։ 1192 թվականին Մինամոտո նո Յորիտոմոն ստացել է շոգունի կոչում և Կամակուրայում ստեղծեց առաջին բակուֆուն (ֆեոդալական կազմավորում)[10]։

Տաիրա կլանը ունեցել է չորս հիմնական ճյուղեր[11]՝

  • Տաիրա Կանմու (Կանմու Հեյշի) – սերում է արքայազներից, 50-րդ կայսր Կանմուի երեխաներից:
  • Տաիրա Նիմմյո (Նինմիո Հեյշի) – սերում է արքայազներից, 54-րդ կայսր Նիմմիոյի տոհմի թոռներից:
  • Տաիրա Մոնտոկու (Մոնտոկու Հեյշի) – սերում է արքայազներից, 55-րդ կայսր Մոնտոկուի զավակներից:
  • Տաիրա Կոկո (Կոկո Հեյշի) – սերում է 58-րդ կայսր Կոկոյի տոհմից իշխաններից, թոռներից։

Կլանի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաիրա կլանի կարևոր անդամները և կառավարման տարիները․

  • Տաիրա նո Մասակադո (903–940)
  • Տաիրա նո Կիոմորի (1118–1181)
  • Տաիրա նո Շիգեմորի (1138–1179)
  • Տաիրա նո Թադանորի (1144–1184)
  • Տաիրա նո Մունեմորի (1147–1185)
  • Տաիրա նո Թոմոմորի (1152–1185)
  • Տաիրա no Շիգեհիրա (1158–1185)
  • Տաիրա նո Տակակիյո (1173–1199)

Տաիրայի զինանշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաիրա կլանի մոնը (զինանշանը) բարձրացած թևերով Ագեհանոչո է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gibney, Frank (1984). Britannica International Encyclopedia. TBS-Britannica. Shisei: "Heishi". OCLC 47462068.
  2. Sekai Daihyakka Jiten. Japan: Heibonsha. 1972. Heishi. OCLC 38097358.
  3. Lebra, Takie Sugiyama (1995). Above the Clouds: Status Culture of the Modern Japanese Nobility (անգլերեն). University of California Press, p. 72. ISBN 9780520076020.
  4. «Samurai Archives». Արխիվացված է օրիգինալից 2016-11-13-ին. Վերցված է 2024-08-13-ին.
  5. Plutschow, Herbert E. (1995). Japan's Name Culture: The Significance of Names in a Religious, Political and Social Context (անգլերեն). Psychology Press. էջեր 112–113. ISBN 9781873410424.
  6. Varley, H. Paul (1994). Warriors of Japan: As Portrayed in the War Tales (անգլերեն). University of Hawaii Press. էջ 9. ISBN 9780824816018.
  7. Transactions and Proceedings of the Japan Society, London (անգլերեն). Kegan Paul, Trench, Trübner and Company, p. 105. 1932.
  8. Plutschow (1995). Japan's Name Culture. Psychology Press. էջ 156. ISBN 9781873410424.
  9. Sansom, George (1958). A History of Japan to 1334. Stanford University Press. էջեր 255–257, 275, 289–305. ISBN 0804705232.
  10. «shogun | Japanese title». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017-08-21-ին.
  11. «Սամուրայ խեցգետին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-09-28-ին. Վերցված է 2024-08-13-ին.